Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ Մյունխենում կայացած հանդիպման վերաբերյալ

22:54, 18 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի աջակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված՝ թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում կայացած քառակողմ հանդիպման և նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում: Ըստ էության, եթե  այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին»,- մանրամասնել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա  արտաքին գործերի նախարարների հանդիպում, որից հետո՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների:

«Ընդհանուր առմամբ՝ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել՝ պահվեն, այդ պայմանավորվածությունների կատարումը կօգնի, կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը: Մենք մեր կողմից հաստատակամ ենք՝ այդ պայմանավորվածություններին հավատարիմ մնալու»,- ընդգծել է վարչապետը:

Նրա տեղեկատվությամբ՝  որոշվել է, որ արտգործնախարարների հանդիպումը պետք է վերաբերի Խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը:

 


© 2009 ARMENPRESS.am