Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարներն անդրադարձել են Երուսաղեմում հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին

16:54, 18 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադիի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխայցելություններին, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ինտենսիվ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Գոհունակությամբ արձանագրվել են, մասնավորապես, կրթության ոլորտում փոխանակումները և առկա լրացուցիչ հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Հորդանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմում հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակին։ 

 


© 2009 ARMENPRESS.am