Միրզոյանը և Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

15:29, 18 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով հայկական կողմի մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ։

Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։ 

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության հարցերի։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, վերջինիս ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։ 


© 2009 ARMENPRESS.am