ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ աշխարհն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ

20:25, 16 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ,16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրությունն այժմ ավելի վտանգավոր վիճակում է, քան սառը պատերազմի ժամանակ, աշխարհի երկրների պառակտումը հասել է առավելագույնին վերջին 75 տարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Մեր աշխարհը բախվում է էքզիստենցիալ մարտահրավերների։ Ընդ որում ՝ համաշխարհային հանրությունը գտնվում է վերջին 75 տարվա ամենապառակտված վիճակում։ Նույնիսկ սառը պատերազմի դարաշրջանը ինչ-որ առումով պակաս վտանգավոր էր»,- ասել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ աշխարհը նույնպես կանգնած է միջուկային սպառնալիքի առջև, սակայն դրա հետ մեկտեղ հայտնվել են սպառնալիքների նոր աղբյուրներ։

«Մենք գործ ունենք էքզիստենցիալ մասշտաբի երկու առանձին սպառնալիքների հետ ՝ կլիմայական ճգնաժամ և անվերահսկելի արհեստական ինտելեկտի ռիսկ»,- հայտարարել է նա ՝ նշելով, որ առայժմ աշխարհը չի կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել նշված սպառնալիքներին պատասխանելու համար։

 


© 2009 ARMENPRESS.am