«Սևան» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են համալիր միջոցառումներ, հայտնաբերվել են արգելված իրեր

21:45, 13 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են համալիր միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, միջոցառումների արդյունքում ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր։

Բացի այդ՝ կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս է բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա։

Ըստ աղբյուրի՝ ազատազրկված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։


© 2009 ARMENPRESS.am