Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

17:55, 9 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից,  վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առիթով և կարևորել Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը բոլոր ոլորտներում: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է տնտեսական կապերի հետևողական զարգացման ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը ճգնաժամերի կառավարման ոլորտում:

Աոկի Յուտական նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը տարբեր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը հետաքրքրված է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:  

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների համագործակցության ամրապնդման:

 

 


© 2009 ARMENPRESS.am