Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է. պատգամավորը՝ հնարավոր նոր Սահմանադրության մասին

16:12, 1 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն ունեն նոր Սահմանադրություն ընդունելու գաղափար, որին անդրադարձ լինելու է, սակայն այս պահին որևէ մշակում չկա:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Լեգիտիմությունը մենք չենք կարող դնել կասկածի տակ, քանի որ բոլորս  գործում ենք գործող Սահմանադրության հիման վրա: Բայց դրա հետ զուգահեռ ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկեինք որպես ապրող փաստաթուղթ, որը փոփոխելու, վերափոխելու, վերանայելու կարիք է առաջանում հասարակական հարաբերությունների զարգացման փուլում` սահմանադրի քվեի առկայության պարագայում»,-ասաց  Վարդանյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է անցկացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նաև նոր Սահմանադրության տեքստի հետ կապված: «Որոշողը սահմանադիրն է, որը հանրաքվեին քվեարկելու է այս կամ այն Սահմանադրության օգտին»,-նշեց նա:

Ըստ նրա՝ այս պահի դրությամբ կա գաղափար: Եվ դա կքննարկվի Սահմանադրական  բարեփոխումների խորհրդում:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրի հղումը՝ պատգամավորը պատասխանեց, որ ինքը չէ հրաժարվողը: «Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի սահմանադրական հանրաքվեի, քանի որ այլ եղանակ չկա, ապա սահմանադիրն է որոշելու, թե Սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու՝ առաջին նախադասությունից մինչև վերջ»,-նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝ մշակում չկա, կա գաղափար և գաղափարի շրջանակում կարող են սկսվել քննարկումներ: «Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է»,-ասաց պատգամավորը:

Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին հունվար ամսին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:  

 

 


© 2009 ARMENPRESS.am