Երևանում առաջին անգամ կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը

11:47, 29 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարում առաջին անգամ Երևանում կանցկացվի «Գիշերը թատրոնում» ծրագիրը, որի շրջանակում մայրաքաղաքի թատրոնները մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, մինչև կեսգիշեր բաց կլինեն երևանցիների ու հյուրերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի հունվարի 29-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է  Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։

«Հանդիսատեսը հնարավորություն կունենա շրջել թատրոնում, ծանոթանալ ետնաբեմին, անմիջական շփում ունենալ անվանի արտիստների հետ»,- մանրամասնել է Սարգսյանը՝ հավելելով, որ առաջարկվող ծրագիրը ներկայում քննարկվում է ԿԳՄՍ նախարարության գործընկերների հետ, որի հաջող արդյունքի դեպքում նախատեսվում է այն դարձնել ամենամյա։


© 2009 ARMENPRESS.am