ՀՀ դեսպանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանը

18:16, 25 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը hունվարի 25-ին հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ է եղել փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երևանում հյուրընկալելու հարցին: Երկուստեք ընդգծվել է հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու նշանակությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարևոր հիմք: Կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում:

 


© 2009 ARMENPRESS.am