Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման մասով մինչ այժմ արդյունք չկա․ ԱԳ նախարար

18:46, 23 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վերահաստատել են Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու պայմանավորվածությունը, սակայն այս մասով մինչ այժմ արդյունք չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Քննարկման առարկա եղել է և համաձայնություն ձեռք բերվել է այն մասին, որ ցամաքային սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար և Հայաստանի ու Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր։ Նաև այս պայմանավորվածությունն ենք մենք վերահաստատել նախարար Ֆիդանի հետ հոկտեմբերի 23-ին Թեհրանում։ Ինչպես կարող եք տեսնել, մինչ օրս շոշափելի և առարկայական քայլեր այս ուղղությամբ կամ չեն արվել, կամ վերջնական արդյունք չկա։ Այդ սահմանը նշված խմբի մարդկանց համար բաց չէ»,- ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ երկու կողմից եղել է ենթակառուցվածքների ուսումնասիրություն՝ անցակետերի, ճանապարհների, կամրջի մասով, սակայն սահմանը շարունակում է մնալ փակ։

 


© 2009 ARMENPRESS.am