Քրեական ոստիկանությունում աշխատանքի ընդունելության 700 տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին

20:31, 17 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով մրցույթի դիմումների ընդունումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։

«Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ: Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը:

Ընդունելության համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիներն ընդունելության համար կարող են դիմել, եթե վերոնշյալ պայմաններից բացի, անցել են պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ոստիկանները կարող են դիմել օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։

Ուսուցումն անվճար է. այն առկա ուսուցմամբ իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում: Քաղաքացիական անձանց դեպքում ուսման տևողությունը 5 ամիս է, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում՝ 2 ամիս։ Ուսման ողջ ժամանակահատվածում քաղաքացիական անձինք ստանալու են նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողները՝ ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շրջանավարտները կնշանակվեն Քրեական ոստիկանության ստորաբաժանումներում քրեական ոստիկանի պաշտոններում։

Կրթական այս ծրագիրն ավարտած անձինք կհամարվեն ատեստավորված և կստանան համապատասխան հավելավճարներ։

Նշվում է, որ դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում մինչև հունվարի 26-ը ներառյալ։

 


© 2009 ARMENPRESS.am