Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարզաձևերի համալիր կենտրոն

14:56, 14 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան չգործող մարզադպրոցին։

«Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել Երևանի առօրյա կյանքի
անբաժանելի մասը՝ հիմնանորոգելով ու արդիականացնելով սպորտդպրոցները:

Վերանորոգված և շահագործման հանձնված Երևանի թենիսի և բատմիտոնի համալիր
մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին շուտով կավելանա նաև գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ավինյանը։

Գրառմանը կից տեսանյութում նշվում է, որ 20 տարի  չգործած մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարզաձևերի վարպետության բարձրացման համալիր կենտրոն:

«Մեր նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները մեր պատանի մարզիկների
համար»,- եզրափակել է քաղաքապետը:


© 2009 ARMENPRESS.am