Իրանում հայտնել են Քերմանում ահաբեկչության հետ կապված անձանց ձերբակալման մասին

11:06, 7 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի օրը Իրանի Քերման նահանգի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված 32 անձ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA-ն, այս մասին հայտնել է Քերմանի դատախազ Մեհդի Բախշին:

Բախշին լույս հունվարի 7-ի գիշերը հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիի նահատակության 4-րդ տարելիցի արարողությունից հետո Քերման նահանգում հայտնաբերվել է 16 ռումբ, որոնցից յուրաքանչյուրի պայթուցիկ ուժը գերազանցել է պայթուցիկով գոտու ուժը:

Նրա խոսքով ՝ ահաբեկիչներին չի հաջողվել պայթուցիկները տեղադրել գերեզմանատանը։ Քերմանում հայտնաբերվել է նաև տուն, որտեղ բնակվում էին պայթյուններ կազմակերպած երկու մահապարտ ահաբեկիչները: Դրանում հայտնաբերվել են օգտագործման համար պատրաստ պայթուցիկ սարքեր, այդ թվում ՝ պայթուցիկով գոտիներ։

Հունվարի 3-ին ահաբեկիչների երկու պայթյուն է որոտացել Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, երբ մարդիկ հավաքվել էին ոգեկոչելու Միացյալ Նահանգների կողմից նրա սպանության չորրորդ տարելիցը: Ահաբեկչության զոհ է դարձել 90 մարդ, վիրավորվել է 248-ը։ 

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, իրանական առանցքային զորահրամանատարներից գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականները սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով:


© 2009 ARMENPRESS.am