Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ

14:38, 29 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հավաքելով 81 միավոր՝ 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտեր»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Երկրորդ հորիզոնականը 48 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

21 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհ» ակումբի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Քվեարկությանը, որի մեկնարկի մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մասնակցել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող ակումբները և մարզական լրագրողները։  

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքում
առաջին տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը պարգևատրվում է «ոսկե» գնդակ մրցանակով
և 4 միլիոն դրամով, երկրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «արծաթե» գնդակ
մրցանակով և 3 միլիոն դրամով, երրորդ տեղ զբաղեցրած ֆուտբոլիստը՝ «բրոնզե»
գնդակ մրցանակով և 2 միլիոն դրամով: 


© 2009 ARMENPRESS.am