ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

16:48, 22 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև դեկտեմբերի 21-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման և ներդրման հարցերում, կաջակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող տեղական և միջազգային միջոցառումների, այդ թվում՝ «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» անցկացմանը։

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։
«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագիծն անցկացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Միջոցառման շրջանակներում ձեռնարկատերերը հնարավորություն են ստանում հավաքվել մեկ հարկի տակ, մասնակցել տարբեր կրթական ծրագրերի, բարելավել իրենց նախագծերը, ներկայացնել դրանք տարբեր երկրներից ժամանած ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ» բիզնես ֆորումը 2024թ. կանցկացվի փետրվարի 23-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններում։

Նախագծի իրականացման սկզբից մինչ օրս Հայաստանում՝ Սևանի ափին անցկացվել է 5, արտերկրում՝ 4 ֆորում։


© 2009 ARMENPRESS.am