Էստոնիայի ԱԳ նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու իր երկրի վարչապետի հրավերը

18:55, 13 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Էստոնիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ կապված փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Էստոնիայի կառավարության արդյունավետ քայլերն այդ բնագավառում:

Ըստ աղբյուրի՝ Մարգուս Ցահքնան շեշտել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Էստոնիայի կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ:

«Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու կարևորել դրանց հաղթահարման նպատակով միջազգային հանրության աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, մեր երկրի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա զարգացման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:    

Մարգուս Ցահքնան վարչապետ Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու իր երկրի վարչապետի հրավերը:


© 2009 ARMENPRESS.am