Ալեն Սիմոնյանն Ադրբեջանին մեղադրում է խաղաղության պայմանագրի կնքումն արհեստականորեն ձգձգելու մեջ

11:53, 7 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագրի սևագրում ներառել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցերը, ապա դա փոխադարձ պետք է վերաբերվի Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի և ապրելու իրավունքներին։

«Կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն, միգուցե, կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը։

Դա շատ բացասական եմ գնահատում։ Մենք էլ, նրանք էլ լավ գիտենք, թե ինչ առաջարկներ ենք մենք փոխանցել և ինչի շուրջ ենք բանակցում։ Հիմա անընդհատ դրա մասին խոսելը արհեստական խնդիրներ է առաջացնում։ Ակնհայտ է, որ մենք իրոք խոսում ենք խաղաղության մասին, այլ ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև ենք անում»,- շեշտեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահի կարծիքով՝ պետք է ինչ-որ ժամանակ անցնի, ադրբեջանական կողմը պետք է նվազեցնի հայերի նկատմամբ ատելության խոսքը, որը դարձրել են իրենց բրենդը։

«Հայաստանին չի կարելի մեղադրել նույնի մեջ, որովհետև Հայաստանում ընդդիմադիր գործիչները և լրագրողները մեզ մեղադրում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու մեջ, հանդուրժող լինելու մեջ։ Պետք է հասկանալի լինի, որ, այո, ժամանակ կանցնի, ևչեմ բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Այո, խաղաղության ենք գնում, խաղաղությունը այլ կերպ չի լինում։ Եվ այն պնդումները, որ մենք իրար հետ հակամարտել ենք և մեզ համար դա անլուծելի խնդիր է, ինձ համար անընդունելի են, որովհետև պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր։ Անգլիան և Ֆրանսիան  116 տարի պատերազմել են և այսօր Անգլիան ու Ֆրանսիան դաշնակիցներ են»,- ասաց Սիմոնյանը։


© 2009 ARMENPRESS.am