Լավրովը և Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը

14:25, 5 Դեկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում հանդիպման ժամանակ հաստատել են, որ հարկավոր է զարկ տալ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը։

«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, կողմերը քննարկել են «երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը», ՌԴ-ի և Ադրբեջանի միջև 2022 թ․ փետրվարին կնքված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման համատեղ քայլերը, ինչպես նաև կասպյան «հնգյակի» շրջանակներում համագործակցությունը։

Լավրով-Բայրամով հանդիպումը կայացել է Մոսկվայում՝ Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի շրջանակներում։


© 2009 ARMENPRESS.am