Ճապոնիայի վարչապետը հրաժարվել է բարձրացված աշխատավարձից և այն վերադարձնում է բյուջե
10:49, 24 Նոյեմբեր, 2023ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և նրա կաբինետի անդամները հայտարարել են, որ բյուջե են վերադարձնում այն գումարները, որոնցով իրենց աշխատավարձերը բարձրացվել էին՝ համաձայն պետական աշխատողների վճարումները բարձրացնելու օրենքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն հայտնել է, որ այդ որոշումը պաշտոնապես ձևակերպվել է կառավարության հերթական նիստից հետո կայացած խորհրդակցությունում։
«Վարչապետի և նախարարների աշխատավարձերի բարձրացումը ժողովրդի մոտ քննադատություն է առաջացրել: Ուստի մենք համաձայնեցրինք այդ գումարների վերադարձը, որպեսզի հասարակության մեջ անվստահություն չառաջացնենք», - Մացունոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայում պետական ծառայողները զրկված են գործադուլի իրավունքից: Դրա փոխարեն կառավարության հատուկ մարմինը, խորհրդարանի որոշմամբ, պարբերաբար բարձրացնում է նրանց աշխատավարձերը միջին գործակցով, որը համապատասխանում է մասնավոր հատվածի ծառայողների վճարումների ավելացմանը։
Դրան համապատասխան՝ այժմ ընդունված օրենքը նախատեսում էր Կիսիդայի աշխատավարձի բարձրացում տարեկան 460 հազար իենով (3000 դոլարից փոքր-ինչ ավելի): Նախարարների համար այն ենթադրվում էր բարձրացնել տարեկան 320 հազար իենով (մոտ 2100 դոլար)։
Ճապոնիայի վարչապետի աշխատավարձն ամսական կազմում է 3,3 միլիոն իենից (մոտ 22 000 դոլար) փոքր-ինչ ավելի։ Ճապոնացի նախարարի աշխատավարձը կազմում է ամսական 2,45 մլն իեն (մոտ 16 300 դոլար):
© 2009 ARMENPRESS.am