Վարչապետ Փաշինյանը Ճապոնիայի դեսպան Մասանորիին շնորհակալություն է հայտնել փոխգործակցության զարգացմանը նպաստելու համար

19:13, 22 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպան Մասանորիին իր ակտիվ գործունեությամբ հայ-ճապոնական հարաբերությունների և փոխգործակցության զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնումը և հույս հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն խորանալ ու ամրապնդվել:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համագործակցության համար, և վստահեցրել, որ հետագայում ևս կներդնի բոլոր ջանքերը` ի նպաստ Հայաստանի ու Ճապոնիայի հարաբերությունների զարգացման:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ:

 


© 2009 ARMENPRESS.am