Երևանում կձևավորվի գեղագիտական խորհուրդ. Երևանի քաղաքապետ

13:42, 22 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կձևավորվի գեղագիտական  խորհուրդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց  քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի բարձրացրած այն հարցին, որ  մայրաքաղաքում կան գեղագիտական խնդիրներ:

«Խորհուրդն անպայմանորեն ձևավորվելու է, ինչպես ձևավորվել է քաղաքաշինական խորհուրդը»,-ասաց Ավինյանը:

Ըստ Աբգարյանի՝ Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ է գեղագիտական խորհուրդ ունենալ, որպեսզի հարցերը լուծեն ոչ թե ավագանու անդամներն ըստ իրենց ճաշակի, այլ այդ խորհուրդը պետք է օժտված լինի շատ ավելի լայն գործունեության դաշտով:

«Մենք նաև դիզայնի խնդիր ունենք, այսինքն՝ ընդհանուր գեղագիտությունը, ոչ միայն մշակույթը: Հուսով եմ, որ այդ խորհուրդը կկայանա, այնտեղ կլինեն անվանի մասնագետներ, ում մենք կարող ենք վստահել»,-նշեց նա:

 


© 2009 ARMENPRESS.am