Աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է․ վարչապետ

12:50, 16 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում 2022 թվականին աղքատությունը 2021 թվականի համեմատ կրճատվել է՝ 26,5 տոկոսից դառնալով 24,8 տոկոս, ծայրահեղ աղքատությունը 1,5 տոկոսից դարձել է 1,2 տոկոս։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«Մենք չենք կարծում, որ գոյացող միլիարդները պետք է բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն։ Ո՛չ, մենք պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք և յուրաքանչյուրը պետք է իմանա, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է, որովհետև մարդուն կարելի է մեկ օր հաց տալ, մեկ շաբաթ կարելի է հաց տալ, մեկ տարի կարելի է հաց տալ, հինգ տարի կարելի է հաց տալ, բայց մարդուն պատրաստել նրան, որ չես աշխատելու, որ կառավարությունը և հանրությունը քեզ ամբողջ կյանքը կերակրելու է՝ դա նրա նկատմամբ ամենամեծ նվաստացումն և վիրավորանքն է։ Ավելի մեծ վիրավորանք մարդու նկատմամբ չի կարելի պատկերացնել։ Աղքատությունը հաղթահարում են աշխատանքի միջոցով»,- ընդգծեց Փաշինյանը։


© 2009 ARMENPRESS.am