Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ Հակոբյան

12:58, 25 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը խոսեց հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից` այն անվանելով կնճռոտ։

«Բանակցային գործընթացը կնճռոտ է, բանակցային գործընթացը հարցեր է առաջացնող է, բայց վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետության դիրքերը բանակցային գործընթացում այսօր բավականին նորմալ են։ Մենք այս փլուզվող աշխարհակարգերի շրջանում կարողացել ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Սա համարում եմ մեծ ձեռքբերում, որ լարված իրավիճակում Հայաստանի Հանրապետության սահմանները հանգիստ են, և մենք, լիարժեք ներգրավված լինելով բանակցային գործընթացում, ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության պետական շահը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում՝ ո՛չ գերտերությունները, ո՛չ հակառակորդները։

«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բոլոր կողմերի համար ընկալելի է։ Այո, բանակցային գործընթացում մենք պետք է հասնենք նրան, որ հստակ թվերով, սահմաններով, ամեն մի նրբությունը հաշվի առնելով՝ ֆիքսվի այդ ամենը»,- հավելեց պատգամավորը։


© 2009 ARMENPRESS.am