ԵՄ-ն պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումը և խուսափի Գազայում հումանիտար աղետից. Բորել

21:05, 23 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք է միաժամանակ դատապարտի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ամեն ինչ անի Գազայում հումանիտար աղետից խուսափելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը:

«Մենք պետք է միաժամանակ դատապարտենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և խուսափենք Գազայի հումանիտար աղետից: Դրան հասնելու համար խիստ անհրաժեշտ է, որ մենք մարդասիրական օգնություն տրամադրենք Գազայի բնակչությանը», -ասել է նա:

Բորելի խոսքով՝ արտգործնախարարները համաձայնել են, որ չի կարելի արգելափակել Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնությունը, այլ պետք է  շարունակել վճարումները:

Դիվանագիտության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է Իսրայելին, որն իրավունք ունի պաշտպանել իրեն, բայց միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում:

«Մենք կրկին հստակ դատապարտել ենք ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդներին», - հավելել Է Բորելը ՝ նշելով, որ Գազայի բնակչության շրջափակումը էլեկտրականության և ջրի անջատմամբ հակասում է միջազգային իրավունքին:

 


© 2009 ARMENPRESS.am