Լիբանանում Reuters-ի լրագրող է զոհվել՝ Իսրայելի կողմից արձակված կրակից

12:44, 14 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հարավում Իսրայելի կողմից արձակված հրթիռի հետևանքով զոհվել է Reuters-ի վիդեո թղթակիցներից մեկը, ևս 6 լրագրող վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Խորը վշտով տեղեկացանք, որ մեր տեսանկարահանող Իսամ Աբդալլահը սպանվել է»,- հայտնել են Reuters-ից:

Լրագրողների խումբը, որոնց թվում են եղել նաև թղթակիցներ «Ալ Ջազիրա»-ից և «Ֆրանս Պրեսս»-ից, աշխատելիս են եղել Ալմա ալ-Շաաբի շրջանում՝ Իսրայելի սահմանին մոտ:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին կատարվածի մեջ մեղադրել է Իսրայելին:

ՄԱԿ-ում Իսրայելի բանագնաց Գիլադ Էրդանն ասել է.

«Ակնհայտ է, որ մենք երբեք չենք ցանկանա հարվածել կամ սպանել իր աշխատանքը կատարող որևէ լրագրողի: Բայց գիտեք, որ մենք պատերազմական վիճակում ենք, ամեն ինչ կարող է պատահել»:

 Նա հավելել է, որ Իսրայելը կհետաքննի այդ դեպքը:


© 2009 ARMENPRESS.am