Նիկոլ Փաշինյանը և Լուիս Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

18:09, 11 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը:  

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ:

Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաների:

 


© 2009 ARMENPRESS.am