Միշելի հրավերով Փաշինյանն ու Ալիևը հոկտեմբերի վերջին հանդիպում կունենան Բրյուսելում

12:08, 6 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են մասնակցել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Ես որոշեցի հոկտեմբերի վերջին երկու ղեկավարներին հրավիրել Բրյուսել, և երկու ղեկավարներն էլ համաձայնեցին գալ այս հանդիպմանը: Մենք մտադիր ենք մեծ աշխատանք կատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար», - նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հոկտեմբերի 5-ին Շառլ Միշելը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպում էին ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել այդ բանակցություններին։


© 2009 ARMENPRESS.am