Կիպրոսն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. վարչապետն ընդունել է Կիպրոսի խորհրդարանականներին

18:17, 2 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Նա ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ընդունված բանաձևի փաստը և շնորհակալություն հայտնել հստակ գնահատականների համար: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական փոխգործակցության ընլայնման ուղղությամբ քայլերի իրականացումը` նշելով, որ այդ ոլորտում ևս առկա է համագործակցության մեծ ներուժ:

Հարիս Գեորգիադեսը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության իրականացումը և կարևորել միջազգային հանրության հումանիտար աջակցությունը բռնի տեղահանված ԼՂ բնակչությանը:  Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը շեշտել է Կիպրոսի աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի:

 


© 2009 ARMENPRESS.am