Ֆինլանդիան կշարունակի Ռուսաստանի հետ սահմանին արգելափակոցների կառուցումը

15:01, 20 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիան մտադիր է հաջորդ տարի շարունակել պարիսպների կառուցումը Հյուսիսային Կարելիայի տարածաշրջանի ռուսաստանյան սահմանին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Նշվում է, որ ըստ YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերության՝ Ֆինլանդիայի նախարարների կաբինետը 2023 թ.-ի բյուջեից 139 միլիոն եվրո է հատկացրել Ռուսաստանի սահմանին պարիսպ կառուցելու համար։ Սահմանապահների գնահատմամբ՝ այս գումարը բավարար է մոտավորապես 70-կիլոմետրանոց արգելապատ կառուցելու համար։ Դրա 52 կիլոմետրը կկառուցվի Ֆինլանդիայի հարավ-արևելքում, որտեղ գտնվում են ուղևորահոսքի առումով ամենահայտնի սահմանային անցակետերը, 8 կիլոմետրը՝ Հյուսիսային Կարելիայում և 5 կիլոմետրը՝ Կայնուու և Լապլանդիա տարածաշրջաններում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շինարարությունը կիրականացվի 2023-2024 թթ.-ին։

«Հյուսիսային Կարելիայում Ռուսաստանի հետ սահմանին պարսպի կառուցումը կսկսվի հաջորդ տարվա գարնանը», - ասվում է YLE-ի հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am