Ծանրամարտի աշխարհի առաջնության մեկնարկն անհաջող է եղել հայ ծանրորդուհիների համար

10:03, 7 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մեկնարկած ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում պայքարի մեջ են մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը, Կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը ելույթ են ունեցել 55 կգ քաշային կարգում։ 

2023թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Յայլյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ արմունկի վնասվածք է ստացել և ավարտել ելույթը` ստանալով զրո։

Մեծահասակների ԱԱ-ում նորամուտը նշած Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում գրանցել է 190 կգ (83+107) արդյունք ու գրավել 6-րդ տեղը։

Երկամարտի 203 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն է դարձել Թայպեյի ներկայացուցիչ Չեն-Գուան Լինգը։

Հայաստանի կանանց հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ)։

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

 


© 2009 ARMENPRESS.am