Աբխազիայում բացվել է հրդեհից հետո վերականգնված հայկական դպրոցը

17:34, 31 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի Օչամչիրայի շրջանի Արագիչ գյուղի հայկական միջնակարգ դպրոցը, որը մարտին ամբողջությամբ այրվել էր հրդեհի հետևանքով, հանդիսավոր կերպով բացվել է Գիտելիքի օրվա նախօրյակին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, դպրոց է այցելել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան։

«Սեպտեմբերի 1-ի նախաշեմին բացվել է հրդեհից հետո վերականգնված Արագիչ գյուղի դպրոցը: Պետության ղեկավարը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել մեկենասներին, որոնք մասնակցել են դպրոցի շենքի վերականգնմանը», - նշված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բժանիան երախտագիտություն է հայտնել Օչամչիրայի շրջանի վարչակազմի ղեկավարությանը այրված ուսումնական հաստատությունը վերականգնելու հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև խորհրդարանի պատգամավոր Ռեզո Զանտարիային, որը ֆինանսական օգնություն է ցուցաբերել։

Մարտի 24-ին Արագիչ գյուղի միջնակարգ դպրոցը գրեթե լիովին այրվել էր, երկհարկանի շենքում հաջողվել էր մասամբ փրկել առաջին հարկի մի քանի սենյակներ։ Գյուղում ապրում է շուրջ 1000 մարդ, հիմնականում հայեր։ Արագիչի դպրոցի սաները մարտից մինչև հունիս սովորել են հարևան Աթարա գյուղի դպրոցում։


© 2009 ARMENPRESS.am