Հնդկաստանում առնվազն 17 մարդ է զոհվել կամրջի փլուզման հետևանքով

14:35, 23 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Միզորամ նահանգում Այզալ քաղաքից ոչ հեռու կառուցվող երկաթգծային կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 17 բանվոր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրել է Միզորամի գլխավոր նախարարն իր X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

«Այսօր Սայրանգում՝ Այզալից ոչ հեռու, փլուզվել է կառուցվող երկաթգծային կամուրջը։ Առնվազն 17 աշխատող մահացել է. փրկարարական աշխատանքները շարունակվում են», - հայտնել է նահանգի գլխավոր նախարարը։

Ոստիկանության տվյալներով՝ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլոր մարմիններն են դուրս բերվել փլատակներից։

Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում։ Երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի աշխատակազմում խոստացել են 200 հազարական ռուփի (2200 եվրո) վճարել զոհվածների մերձավորներին և 50 հազարական ռուփի (550 եվրո)՝ վթարի հետևանքով տուժածներին:


© 2009 ARMENPRESS.am