Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ

16:47, 11 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը հեռախոսակապ է հաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Դավիթ Իշխանյանը  շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:

Երկու կաթողիկոսներն էլ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու  է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել:

 


© 2009 ARMENPRESS.am