ՀՀ ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանի հետ

21:11, 9 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, Վահե Հովհաննիսյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում ԵՄ հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ընթացիկ բարեփոխումներին, այդ թվում՝ պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման գործընթացին աջակցելու ուղղությամբ անձնական մեծ ներդրման համար։

Ըստ աղբյուրի՝ Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, դիտարկել տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և նախանշել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։


© 2009 ARMENPRESS.am