Արցախում իշխող խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ- ական Դավիթ Իշխանյանի թեկնածությունը

10:29, 7 Օգոստոս, 2023

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում արտահերթ նիստ է մեկնարկել՝ խորհրդարանի ղեկավար ընտրելու օրակարգով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, իշխող Ազատ Հայրենիք-ՔՄԴ խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։

Նիստին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հրաժարական էր ներկայացրել։ «Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին», - նշել էր Թովմասյանը: 

Վան Նովիկով 

 


© 2009 ARMENPRESS.am