Ֆինանսների նախարարն ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարի հետ հանդիպմանը ծրագրերի ավելացման հույս է հայտնել

19:02, 24 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հուլիսի 24-ին  ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով ավարտում է պաշտոնավարումը և գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոնալդ Լամբերթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, շնորհակալություն հայտնելով Հայաստանում ծավալած արդյունավետ գործունեության և սերտ համագործակցության համար՝ Վահե Հովհաննիսյանը հաջողություններ է մաղթել Պաոլո Սպանտիգատիին իր հետագա նախաձեռնություններում:

Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է Դոնալդ Լամբերթին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ և վստահություն է հայտնել ԱԶԲ հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ԱԶԲ-ի հետ տարբեր ուղղություններով իրականացվելիք ծրագրերի թիվը կընդլայնվի:

Ըստ աղբյուրի՝ Դոնալդ Լամբերթը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱԶԲ հետ իրականացվող ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև անդրադարձել դրանց իրականացման արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցերին:


© 2009 ARMENPRESS.am