Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի ԼՂ-ում իրավիճակի դեէսկալացմանը. Զախարովա

19:00, 28 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացմանը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը:

Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով:

«Մենք կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ ենք անում ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ փոխգործակցությամբ: Եվ մենք կարծում ենք, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ քայլերի արագ ձեռնարկումը կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»,- ասել է Զախարովան։

Հունիսի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված հայկական դիրքերը, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Զոհվել է 4 հայ զինվորական։

 


© 2009 ARMENPRESS.am