ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում որևէ կոնկրետ թեկնածուի չի առաջադրում. Բլինկեն

18:50, 20 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում որևէ կոնկրետ թեկնածուի առաջադրելու գործով չի զբաղվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 20-ին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք շատ սերտ խորհրդակցություններ ենք անցկացնում մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու, թե ուր ենք ուզում գնալ ՆԱՏՕ-ի և նրա ղեկավարության հետ»,-ասել է Բլինկենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայիս քարտուղար Ստոլտենբերգին ականավոր առաջնորդ է համարում, սակայն ըստ ԱՄՆ վարչակազմի՝ նաև այլ հեղինակավոր առաջնորդներ կան, որոնց հնարավոր է դիտարկել այդ պաշտոնում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 8-ին չի բացառել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, որը շուտով կազատվի։

 


© 2009 ARMENPRESS.am