ՀՀ և Հունգարիայի նախագահները քննարկել են հարաբերությունների խթանման հնարավորություններն ու ուղիները

11:14, 18 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության աշխատանքային այցի շրջանակներում ՀՀա նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում հանդիպել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ու համագործակցության խթանման հնարավորություններն ու ուղիները:

«Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Հունգարիայի համագործակցությունը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև անդրադարձել են միջազգային այլ հարթակներում փոխգործակցային առկա ներուժի իրականցման հեռանկարներին:

Նախագահները մտքեր են փոխանակել հայ և հունգար ժողովուրդների արժեքային և գաղափարախոսական ընդհանրությունների վերաբերյալ՝ մասնավորապես շեշտվել է երկու ժողովուրդների համար քրիստոնեական ու ավանդական արժեքների կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է մասնակցել Բուդապեշտի ժողովրդագրական գագաթաժողովին, որը նվիրված է եվրոպական երկրներում ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծման ուղիներ գտնելուն:

Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա արդյունավետ շփումները, որոնք նպաստում են երկու երկրների միջև փոխգործակցության սերտացմանը:


© 2009 ARMENPRESS.am