Միջնորդների համար ընկալելի է Հայաստանի դիրքորոշումը, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ Խանդանյան

13:14, 14 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը երբեք չի բանակցելու իր տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու շուրջ․ «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության թեման Հայաստանի Հանրապետության համար փակ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը այն մասին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անխուսափելի է։

«Մտացածին «Զանգեզուրի միջանցք» բառակապակցության թեման Հայաստանի Հանրապետության համար փակ է։ Սա ակնհայտ է և ընդունելի ու հասկանալի է նաև այն կողմերի համար, որոնք միջնորդում են բանակցություններում»,- ասաց Խանդանյանը՝ հավելելով, որ Հայաստանի տարածքով միջանցքի թեմա չկա և չի կարող լինել, Հայաստանը երբեք չի բանակցի դրա շուրջ։

Նա հավելեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն անհանգստություն են պատճառում, քանի որ դրանք չեն նպաստում բանակցային գործընթացին։

 


© 2009 ARMENPRESS.am