Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի թարմացված զեկույցը՝ շրջափակման վեց ամսվա տվյալներով

18:24, 12 Հունիս, 2023

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՄԻՊ աշխատակազմից,

զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:

Ստորև ներկայացվում են զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝

Նշվում է, որ ի լրումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից անօրինական անցակետ է տեղադրել Հակարի գետի կամրջև մոտ: Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները։

Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:

«Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին»,- ասվում է Արցախի ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրությունում, որի գնահատմամբ՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար:

5.png (63 KB)

6.png (67 KB)

7.png (50 KB)

8.png (63 KB)

9.png (391 KB)

 

 

 


© 2009 ARMENPRESS.am