ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են հունիսին ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը. Լավրով

14:37, 6 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են այս ամսին  ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-տաջիկական (Սլավոնական) համալսարանում:

«Հենց այս ամիս՝ մի ​​քանի օր անց, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը, որի վրա երկար ժամանակ աշխատանք է տարվել: Դա է՛լ ավելի առաջ կտանի Համագործակցությունում առևտրի ազատականացումը», - փոխանցում է Լավրովի խոսքերը ТАСС գործակալությունը:

Բացի այդ, Լավրովը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները շարունակում են խորանալ։

«Այդ նախագիծն իրականում ապացուցել է իր պահանջվածությունն ու կայունությունը, դրա շրջանակներում փոխգործակցության դրական արդյունքները, ամենից առաջ փոխադարձ ապրանքաշրջանառության նկատելի աճը դրա վառ վկայությունն են: Այսօր ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկան ունի ավելի քան 180 միլիոն սպառող, ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ», - ասել է նախարարը։

Ընդ որում, ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը, որն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, մեծ ուշադրություն է նվիրում երրորդ երկրների և միջազգային այն կառույցների հետ երկխոսության զարգացմանը, որոնք շահագրգռություն են ցուցաբերում դրա նկատմամբ:


© 2009 ARMENPRESS.am