Վահագն Խաչատուրյանն ու Ալֆոնսո Դի Րիզոն քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացման հարցը

15:47, 5 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության օրվա կապակցությամբ ընդունել է արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է տոնի առթիվ և հաջողություններ մաղթել Իտալիայի ժողովրդին և ղեկավարությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա զարգացման օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայ-իտալական առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հնարավորություններին, ինչի կապակցությամբ երկուստեք դրական է գնահատվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, ինչպես նաև դեպի Իտալիա ուղիղ թռիչքների նշանակալի աճը:

Կարևորվել է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում հայ-իտալական համագործակցությունը, մասնավորապես՝ իտալական լավագույն փորձի կիրառումը դատաիրավական ոլորտի բարեփոխումներում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման և հարավկովկասյան տարածաշրջանում կայուն ու հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am