Հայիթիում հեղեղների պատճառով կա 15 զոհ, 13 հազարից ավելի մարդ տարհանվել է

10:51, 5 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայիթիում շաբաթ և կիրակի օրերին տեղատարափ անձրևներից հետո առաջացած հեղեղումների և սողանքների պատճառով առնվազն 15 մարդ է մահացել, ևս 8 մարդ անհետ կորած է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ABC News պարբերականին:

Գրեթե 13 400 մարդ տարհանվել է, քանի որ ջուրը ծածկել է հարյուրավոր տներ՝ որոշ փողոցներ վերածելով գետերի:

Հայիթիի իշխանությունները դեռ գնահատում են հեղեղների հասցրած վնասները: Անձրևները նաև զգալի վնաս են հասցրել Հայիթիի կենտրոնական շրջաններում ցանքատարածություններին՝ խորացնելով երկրում սննդի պակասի հետ կապված ճգնաժամը:

Հայիթիի վարչապետ Արիել Անրին հայտնել է, որ աշխատում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի օգնություն հասցնի հեղեղներից տուժած մարդկանց:


© 2009 ARMENPRESS.am