Մխիթարյանի գոլը նպաստեց «Ինտեր»-ի` ՉԼ կիսաեզրափակիչի «Միլան»-ի դեմ խաղում հաղթանակին

00:58, 11 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Սան Սիրո» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել: «Ինտեր»-ը խաղի մեկնարկից 8 րոպե անց իրացրեց իր պահը: Անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն:

Իսկ ընդամենը րոպեներ անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով, գրավեց «Միլան»-ի դարպասը: Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: «Միլան»-ը բաց թողած երկու գնդակներից հետո սկսեց ավելի շատ սխալվել:

Երկրորդ կեսի  ընթացքում գնդակին հիմնականում տիրում էր «Միլան»-ը, սակայն «Ինտեր»-ի պաշտպանությունը անթերի էր գործում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսի 62-րդ րոպեին: «Միլան»-ին ի վերջո այդպես էլ հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց և «ներաձուրիները» հաղթանակի հասան 0։2 հաշվով:

«Միլան»-«Ինտեր»` 0:2:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին:

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչ մյուս խաղում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթի»-ին: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:


© 2009 ARMENPRESS.am