Իրանը և Սիրիան համատեղ հայտարարություն են տարածել Ռայիսիի պաշտոնական այցի արդյունքներով

17:38, 5 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը համատեղ հայտարարություն են տարածել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սիրիա պաշտոնական այցի արդյունքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նախագահի կայքում տարածված հայտարարության տեքստը:

Էբրահիմ Ռայիսին Սիրիա էր մեկնել այդ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրավերով: Նրա երկօրյա այցը տևել է մայիսի 3-ից 4-ը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու միջոցները, տարածաշրջանում վերջին զարգացումները, ինչպես նաև ամբողջ աշխարհում տիրող իրավիճակը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործողություններ ձեռնարկել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ, շարունակել համագործակցությունը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի գործում:

Երկու երկրների ղեկավարները նաև դատապարտել են «սիոնիստական վարչակարգի ագրեսիան Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ»՝ դա համարելով տարածքաշրջանում ապակայունացնող գործոն: Կողմերը նաև դատապարտել են ռազմական ուժերի ցանկացած անօրինական ներկայություն Սիրիայի տարածքում:

Էբրահիմ Ռայիսին իր հերթին Բաշար ալ Ասադին հրավիրել է պաշտոնական այցով մեկնել Իրան: 


© 2009 ARMENPRESS.am