Հարավային Կովկասի կայունությունն ու խաղաղությունը կարող է կոնսենսուս դառնալ Արևմուտքի ու ՌԴ-ի միջև. Փաշինյան

12:24, 18 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը:

«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ, եթե հնարավոր է, ապա վերցնել ամեն ինչ: Եվ նրա այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ ու նրա կարևորությունը թե Ռուսաստանի, թե որոշ արևմտյան երկրների համար մեծացել է: Բայց այս իրավիճակը և ռիսկեր, և հնարավորություններ ունի»:

Ռիսկերը տեսանելի են գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերևս այն համարեց, որ Հարավային Կովկասն ինքնին մեծ խաչմերուկ է: Եվ դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի ու Վրաստանի դերը:

«Այս համատեքստում տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Որովհետև, եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով»,-ասաց Փաշինյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am