Աշխարհահռչակ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ Երևանում հանդես կգա մենահամերգով

14:33, 17 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ դաշնակահարուհի Պոլինա Օսետինսկայան առաջին անգամ Երևանում հանդես կգա մենահամերգով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մենահամերգը բարեգործական է, տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի Հայաստանի մարզերում դասական երաժշտության բնագավառում խոստումնալից հայ երեխաների կրթական ծրագրերի աջակցությանը:

Համերգը տեղի կունենա ապրիլ 21-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Բացի մենահամերգից դաշնակահարուհին անվճար վարպետության դասեր կտա հայ երիտասարդ երաժիշտներին:

Օսետինսկայան Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի հրավերով` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ:

Երևանյան մենահամերգին Օսետինսկայան կներկայացնի ‹‹Բարոկկո երաժշտությունը՝ հեղինակային ֆիլմում›› ծրագիրը: Կհնչեն Բախի, Հենդելի, Պյորսելի, Ռամոյի և բարոկկո դարաշրջանի այլ հանճարեղ կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք հնչել են 20-րդ դարի հեղափոխական ռեժիսորներ Ստենլի Կուբրիկի, Ինգմար Բերգմանի, Անդրեյ Տարկովսկու, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի և Լարս ֆոն Տրիերի կուլտային ֆիլմերում:

Դաշնակահարուհուն կարելի է լսել Քարնեգի Հոլում, Վիեննայի Musikverein -ում, Լոնդոնի Barbican համերգասրահում, Հռոմի Teatro Argentina-ում, Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի ամենամեծ դահլիճներում և փառատոներում: Դաշնակահարը ելույթ է ունեցել MusicAeterna նվագախմբի, Մարիինյան թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ, Սվետլանովի անվան Պետական ակադեմիական սիմֆոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:

Նրա բեմական գործընկերներից են դիրիժորներ Թեոդոր Կուրենտզիսը, Վլադիմիր Սպիվակովը, Լորան Պետիժերարը, Տուգան Սոխիևը, Ալեքսանդր Սլադկովսկին, Վասիլի Սինայսկին, Անդրեյ Բորեյկոն, Դմիտրի Լիսսը, Գերդ Ալբրեխտը, Յան-Պասկալ Տորտելիեն, Թոմաս Զանդերլինգը։

Օսետինսկայան ձայնագրություններ է արել Sony Music, Naxos, Bel Air, Quartz և ‹‹Մելոդիա›› ձայնագրման ընկերություններում:

Պոլինա Օսետինսկայան մեծ աղմուկ բարձրացրած «Մնաս բարով, տխրություն» բեսթսելլերի հեղինակն է, որը լույս է տեսել 2008թ.-ին և վերահրատարակվել՝ 2022 թ.-ին։

 

 


© 2009 ARMENPRESS.am