Փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն է ստեղծվել. «Արցախփոստ»

12:17, 15 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախփոստ»-ն ընդունում է Հայաստան և արտերկիր ուղարկվելիք փաստաթղթեր, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում համապատասխան մեխանիզմներով ուղարկվելու են պատվիրված հասցեներով:  «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ «Արցախփոստ»-ը լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր կառույցի գործունեությունը խաթարվել է:

«Այդուհանդերձ, նկատի ունենալով քաղաքացիների կողմից նամակներ ու փաստաթղթեր առաքելու խիստ անհրաժեշտությունը և այդ հնարավորության բացակայության հետևանքները՝ ընկերությունը Արցախի Հանրապետության կառավարության աջակցությամբ ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:

Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

 

 


© 2009 ARMENPRESS.am