Սեւանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները միջազգային ստուգատեսում հերթական հաջողություններն են գրանցել

17:45, 8 Ապրիլ, 2023

ԳԱՎԱՌ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի  սաները նոր հաջողություններ են գրանցել միջազգային ստուգատեսում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայքնապետարանի աշխատակազմից, վերջերս նրանք մասնակցել են  «Իմիջ Արտ Ստուդիո» պրոդյուսերական կենտրոնի կողմից անցկացվող «Արտ Մյուզիք» արվեստի մրցույթ- փառատոնին:  «Շեփոր» անվանակարգում 4-րդ դասարանի սան Արտյոմ Ավետիսյանը /դասատու՝ Գուրգեն Բաբայան, նվագակցող` Լուսինե Իսրայելյան/ դարձել է 1-ին մրցանակակիր։

«Ֆլեյտա» անվանակարգում 2-րդ պատվավոր մրցանակը նվաճել է 5-րդ դասարանի սան Իզաբելա Հարությունյանը /դասատու` Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան/:

«Դաշնամուր» անվանակարգում 2-րդ մրցանակակիր է դարձել 3-րդ դասարանի սան Մանե Ղուկասյանը /դասատու` Աստղիկ Ղարիբյան/:

Վերջերս էլ շեփորի 4-րդ դասարանի սան Արտյոմ Ավետիսյանը դարձավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2022/2023 թվականների կրթաթոշակառու:

«Շուտով դպրոցի հաջողություններին կգումարվի ամենատեսանելին եւ ամենասպասվածը` դպրոցը կունենա նոր շենք: Այս օրերին իրականացվում են նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքներ: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի ծրագրային հերթական դրույթն է կյանքի կոչվելու, որի շնորհիվ Սեւանի երաժշտական դպրոցը կստանա նոր շնչառություն` համահունչ ժամանակակից պահանջներին եւ չափորոշիչներին»,-հավաստեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Սեւանի Վ․Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուր, ջութակ, ֆլեյտա, քանոն, դուդուկ, կլառնետ, շվի, կիթառ, ակորդեոն, և վոկալ դասարաններում 2022-2023 թվականի ուստարում սովորում են 168 սան։  

Խոսրով Խլղաթյան

 


© 2009 ARMENPRESS.am